Խաչատուրովը կալանավորվել է. ՔԿ-ն կասկածներ ունի, որ նա եղել է թմրամիջոցի ազդեցության տակ

Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
ՔԿ-ում շարունակվում է 2022 թվականի մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հավելենք` քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, թե ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում:

Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: ՔԿ-ն փոխանցում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ:
Նշենք, որ մայիսի 19-ին` երեկոյան, Իգոր Խաչատուրովի դատական գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարեց փաստաբան Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունն ու ինքնաբացարկ հայտնեց։
Պաշտպանական կողմը կասկածներ ուներ դատավորի օբյեկտիվության վերաբերյալ, քանի որ այն պայմաններում, երբ վերականգնվել է քրեական գործերի հաստատման համակարգչային համակարգը, գործը մակագրվել էր դատավոր Արղամանյանին ոչ ավտոմատ ձևով` ձեռքով։
Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է մայիսի 17-ին` քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով: