ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի անցկացնի եղանակի պատճառով։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարեց շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Վարչապետի աթոռը զբաղեցրած անձը վաղը մեկնելու է Բրյուսել` Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու։ Հետևաբար, շատ կարևոր է վաղվա հանրահավաքին ձեր մասնակցությունը` 18.00-ին Ֆրանսիայի հրապարակում»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` բոլորը պետք է իմանան, որ Փաշինյանն այլևս ժողովրդի կողմից մանդատ չունի և չի կարող որոշումներ կայացնել, առավել ևս` ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ ստորագրել։
Հայտնել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Նշվել է, որ նա առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։