«Առանց Թրեյսի Հայաստա՛ն». «Դիմադրություն» շարժման անդամները «Մարիոթի» մոտ են

«Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու Հայաստանում խոսքի ազատության, մամուլի, քաղաքացիական կազմակերպությունների միությունների համաժողով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Հանրապետության հրապարակում են` «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ ժամանելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Շարժման անդամները շրջափակել են հյուրանոցի 2 մուտքերն ու վանկարկում են՝ «Առանց Թրեյսի Հայաստա՛ն»։
Նշենք, որ «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու Հայաստանում խոսքի ազատության, մամուլի, քաղաքացիական կազմակերպությունների միությունների համաժողով։
Ընդդիմադիրներն այստեղ պատրաստվում են փաստեր ներկայացնել, որ ՀՀ-ում մամուլը և խոսքի ազատությունը ոտնահարված են։
Տեղում կուտակված են նաև բազմաթիվ ոստիկաններ։
Նշենք, որ օրեր առաջ «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թրեյսին ասել էր, որ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել հայ ժողովրդին` կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին ու վերահաստատել 2021-ի ընտրություններին։
Հատկապես այս հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել ընդդիմադիրների և նրանց կողմնակիցների շրջանում։

«Անհարգալից վերաբերմունքի համար Ամերիկայի դեսպանը պետք է հետ կանչվի։ Վերցրե՛ք ձեր մարդու իրավունքների երեսպաշտներին ու հեռացե՛ք ժողովրդավար և մարդու իրավունքները պաշտպանող Հայաստանից»,- նշեց ընդդիմադիրներից մեկը։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։