ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր ԱԺ նիստում հաստատեց, որ ընդդիմադիր պատգամավորների մեջ կան մարդիկ, որոնց նկատմամբ վարույթ է սկսվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի շրջանակում:
Նման մարդկանց առկայության մասին ԱԺ-ում հարցադրում արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Այո՛, կա»,- ասաց Գալյանը:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այս օրենքի շրջանակում ներկա պահին 300 գործով ստուգում է իրականացվում։ Եվս 20 անձի գույքի նկատմամբ կիրառվել է կանխարգելիչ միջոց՝ արգելանք է դրվել, 9 գործ ուղարկվել է դատարան, որոնցից 8-ը վարույթ է ընդունվել։
Նշված 9 հայցերով բռնագանձման գումարը պետք է կազմի մոտ 43 մլրդ դրամ, բայց այդ գումարը կարող է ավելանալ ու հասնել մինչև 60 մլրդ դրամի, եթե գումարվի նաև քաղաքացիների ունեցվածքը որպես իրավաբանական անձ։
Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու նախագիծը։ Առաջարկվում է ընդլայնել «պաշտոնատար անձ» հասկացությունը և հանրային ծառայողներից բացի ընդգրկել նաև այն մարդկանց, որոնք հանրային ծառայության մասին օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեն։