ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Անկարային սպառնացել է հրաժարվել ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումներից, եթե թուրքական իշխանությունները չաջակցեն Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը ։
Քաղաքական գործիչը քննադատել է Անկարայի գործողությունները՝ նշելով, որ դրանք կասկածի տակ են դնում Թուրքիայի հուսալիությունը որպես ԱՄՆ դաշնակից՝ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից և Ուկրաինայում հատուկ գործողության կապակցությամբ ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին չմիանալուց հետո:
«Հուսով եմ, որ վարչակազմը ուշադրություն կդարձնի դրան, երբ քննարկի F-16-ը (ձեռք բերելու Անկարայի հայտը)։ Դուք պետք է Էրդողանին ասեք, որ պետք է իրեն ուրիշ կերպ պահի, եթե ուզում է գոնե ինչ-որ քննարկում ունենալ»,- հայտարարել է Մենենդեսը։
Իր հերթին Սենատի՝ դաշինքի հետ կապված հարցերով զբաղվող խմբի նախագահ Թոմ Թիլլիսը հույս է հայտնել, որ բոլոր տարաձայնությունները կհարթվեն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ նրանց հավաստիացումներին Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի մասին։ Եթե Թուրքիան համաձայնի, ՆԱՏՕ-ն, ըստ Էրդողանի, «չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ կդառնա մի տեղ, որտեղ ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ կլինեն»: