Ընդդիմության իրազեկման ակցիայի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ araratnews.am–ի լրագրող Նանե Իսրայելյանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի միջև։
Ակցիայի ժամանակ լրագրողը ջուր լցրեց պատգամավոր Ագնեսա Խամոյանի վրա։ Միջադեպի տեսանյութը Խամոյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
«Խաչատուր Սուքիասյանն այստեղ մի սադրիչ-«լրագրող» աղջնակի է միշտ գործուղում։ Այսօր ինձ հետ հարցազրույցի ժամանակ, հավանաբար հասկանալով, որ առաջադրանքը չի ստացվում, ակնհայտորեն հուզվեց, վատ հոգեվիճակի մեջ ընկավ, ու երբ սիրալիր նրան առաջարկեցի ջուր խմել, այն լցրեց վրաս։ Երբ նորից փորձեցի հանգստացնել, հայտարարեց, որ ինքը միայն «Սիլ» ( պատկանում է Խաչատուր Սուքիասյանին) է խմում»,–գրել է Խամոյանը։
Լրագրողն էլ իր հերթին է գրառում արել սոցցանցում։
«Էսօր ընդդիմադիրների վերնախավը ինձ սպառնում էր, որ արդեն ինքնակամ ներկայանամ բաժին, այսինքն՝ սպասի գանք` ոնց ենք հերդ անիծելու։ Սպասում եմ` գաք, քանի որ սպասելով եմ մնալու, խորհուրդ կտամ անձնական դաշտ չանցնեք, թե չէ սպասելու ընթացքում մի բաժակ սուրճի շուրջ մի տեսարան եմ վայելելու՝ ոնց եք ինքնակամ ձեր սեփական անձնականից փախչում, ու ոչ մի տեղ չհասնողի դերում`մնալու եք հանրության մեջտեղում կարմրած կանգնած»,–գրել է նա։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։