ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ռուբլու և ԵԱՏՄ երկրների մյուս ազգային արժույթների ուղիղ գնանշումներ կարելի է սահմանել, եթե էներգակիրների և այլ ապրանքների դիմաց վճարումներն իրականացվեն ռուբլով։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի գծով նախարար Սերգեյ Գլազևը։
Մինչ օրս ռուբլի–դրամ գնանշումներն իրականացվել են քրոս փոխարժեքով` դոլարի միջոցով։ Նրա կարծիքով`ուղիղ փոխարժեքներ լինել չէին կարող, քանի որ էներգակիրները հաշվարկվում էին դոլարով և եվրոյով։ Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի առևտուրը մինչ օրս գնանշվում է դոլարով, սակայն վճարումներն արդեն ռուբլով են իրականացվում։ Այդպիսով` վճարումների մեծ ծավալները նաև ռուբլու կայուն պահանջարկ են ձևավորում, որը հիմք է ստեղծում ուղիղ գնանշումների համար։ Գլազևը նշեց, որ մոսկովյան բորսան արդեն իսկ ռուբլու ուղիղ գնանշումներ է զարգացնում ԵԱՏՄ երկրների այլ արժույթների հետ։
Սակայն դրա համար նաև այլ կարևոր հարթակ կա` ԱՊՀ Միջպետական բանկը, որը կարող է նման գնանշումներ սահմանել` թղթակցային հաշիվներ ունենալով ԵԱՏՄ երկրների բոլոր ԿԲ–ներում, ինչպես նաև կլիրինգային օպերացիաներ իրականացնել բանկերի միջև։
Բանկերի միջև տարբեր արժույթներով ուղիղ գնանշումների և վարկային սվոփերի հարցը կքննարկվի Եբրասիական տնտեսական ֆորումի ժամանակ, որը կկայանա մայիսի 26-ին Բիշքեկում։
Քննարկվում են նաև ընդհանուր բորսային առևտրի մեխանիզմները, մասնավորապես հումքային ապրանքների մասով։ Փորձնական աճուրդներ պետք է անցկացվեին Սանկտ Պետերբուրգի բորսայում, սակայն դրանք հետաձգել են 1-2 ամսով` ԵԱՏՄ երկրների ֆինանսական կարգավորիչների հետ լրացուցիչ քննարկելու համար։ Այժմ քննարկվում են նման առևտրի տեխնիկական կողմերը (որը կիրականացվի ԵԱՏՄ երկրների ազգային արժույթներով)։