ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի պաշտպանական կողմը պահանջում է դատավոր Դավիթ Արղամանյանի ինքնաբացարկը։
Նշենք, որ դատարանը քննում է Իգոր Խաչատուրովի խափանման միջոցի հարցը, ինչպես նաև ձերբակալման իրավաչափության հարցը:
Ինչպես լրագրողներին հայտնեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, իրենք կասկածներ ունեն դատավորի օբյեկտիվության վերաբերյալ։ Նա նշեց, որ այն պայմաններում, երբ վերականգնվել է քրեական գործերի մակագրման համակարգչային համակարգը, այս գործը մակագրվել է դատավոր Արղամանյանին ոչ ավտոմատ ձևով։ Պողոսյանն ասաց, որ դատարանը մտել է նիստերի դահլիճ՝ արդեն իսկ պատրաստ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է մայիսի 17-ին: Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: