Գործարարները չեն ցանկանում մասնակցել հավաքներին. ՊԵԿ նախագահը՝ Սաղաթելյանին

«Դիմադրություն» շարժման անդամը հայտարարել է, որ ՊԵԿ-ը ճնշումներ է բանեցնում ընդդիմադիր շարժմանն աջակցող գործարարների նկատմամբ ու կոչ արել դադարեցնել դրանք` հավելելով, որ բոլոր ճնշումները հատ առ հատ ֆիքսվում են ու անպատասխան չեն մնալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքեց այսօր անհնազանդության ակցիայի ժամանակ «Դիմադրություն» շարժման շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի` իր հասցեին արած հայտարարությանը։

«Կուզեի, որ Իշխան Սաղաթելյանը իրականությունը ճիշտ ընկալի և, եթե գործարարները չեն ցանկանում մասնակցել իրենց հավաքներին և որպես փաստ նշում են, որ ՊԵԿ-ի կողմից իրենց նկատմամբ ինչ-որ գործընթացներ կան»,- ասաց Բադասյանը` միաժամանակ գործարարներին կոչ անելով անկեղծ գտնվել ու ճիշտ պատճառը նշել, որ ուղղակի չեն ցանկանում հավաքներին մասնակցել ։

Հիշեցնենք, այսօր առավոտյան երթի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ՊԵԿ-ը ճնշումներ է գործադրում ընդդիմադիր շարժմանն աջակցող գործարարների նկատմամբ ու կոչ արեց դադարեցնել դրանք` հավելելով, որ բոլոր ճնշումները հատ առ հատ ֆիքսվում են ու անպատասխան չեն մնալու։
Մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը ասել էր, որ իշխանափոխության պահանջին հանրության աջակցության ոչ մի նշան չի տեսնում։ Ըստ նրա` ցույցերին ընդդիմության հայտարարած թվով՝ 50 000 մարդ, չի մասնակցում։