Ադրբեջանից դեռ դրական արձագանք չենք լսել. Արարատ Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարն ասել է, թե ինչու չի կայացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին ու խոսել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և սահմանազատման վերաբերյալ հանդիպում անցկացնելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարության մամուլի ծառայությունը։

«Մենք հրապարակել ենք խաղաղ գործընթացի մեր տեսլականը։ Եվ մենք ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել»,– ասել է նա։

Միրզոյանը շեշտել է, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։
«Այնպես որ ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը»,– նշել է նա:
Միրզոյանն ավելի վաղ ասել էր, որ այս շաբաթ Մոսկվայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Լրագրողը հարցրել է, թե ինչու այդ հանդիպումը չի կայացել մայիսի 16-ին և 17-ին։
«Հանդիպումը չի կայացել, բայց վստահեցնում եմ, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»,– եզրափակել է նա:
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Միրզոյանը մայիսի 17-18-ը աշխատանքային այցով կլինի Բրյուսել, որտեղ նրա նախագահությամբ կանցկացվի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստը: