Զինվորի տնից՝ օդանավակայան․ պատերազմն անցած տղաները «սև արկղեր» են վերծանում և ոչ միայն

ՀՀ քաղավիացիայի աշխատակիցները
2022 թ. հունվարին համագործակցության հուշագիր ստորագրվեց Զինվորի տան և ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջև։ Հայրենիքի պաշտպաններին հնարավորություն է տրվել սովորելու, մասնագիտանալու, ապա նաև աշխատանքի անցնելու քաղաքացիական ավիացիայի տարբեր ծառայություններում։
Sputnik
Քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետ Ալլա Խաչատրյանի մտահղացումն էր՝ ստեղծել այնպիսի նախագիծ, որը ոչ մեկանգամյա աջակցություն կլիներ զինվորին։
«Ուզում էի այնպիսի պրոյեկտ ունենանք, որ նաև դրանով ցույց տանք, ասենք նրանց, որ իրենք կարևոր են մեզ համար, որ մենք շնորհակալ ենք նրանց»,- նշում է Ալլան։
Ալլա Խաչատրյան
Այս տարվա հունվարի 25-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց Զինվորի տան ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջև։ Նախագծի առաջին փուլում 80 տղաներ ընդգրկվեցին, նրանց հետ մանրամասն աշխատանք տարան քաղաքացիական ավիացիայի տարբեր մասնագետներ՝ հանդիպումներ, հարցազրույցներ․ արդյունքում ընտրվեցին 17 տղաներ։ Մոտ 2 ամիս տղաները սովորեցին, գործի հմտություններին ծանոթացան, որից հետո նաև միջազգային որակավորումներ ստացան։
«Բոլորն էլ գերազանց արդյունք են ցուցաբերել ու այսօր աշխատում են։ Աշխատատեղերը հատուկ տղաների համար են բացվել, բայց այս նախագիծը նաև շատ լավ մասնագետներ տվեց մեզ։ Իրենց էլ ոչ մի տեղ չենք թողնելու գնալ»,- ոգևորությամբ ասում է Ալլան։
Նախագծի շրջանակում տղաներն ավիացիոն անգլերենի դասընթացների են մասնակցում, նաև արվում է հնարավոր ամեն բան, որ նրանք բարձրագույն կրթություն ստանալու մասին էլ չմոռանան։

Արման․ Սիրում եմ ամեն ինքնաթիռի հետևից երկնքին նայել

Արման Համբարչյանն 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Ծառայում էր Խոջալուի տանկային ջոկատում, ջոկի հրամանատար էր։ Պատերազմի օրերին տղաներին տեղափոխեցին ամենաթեժ կետերից մեկը՝ Ջրական (Ջաբրայիլ), որտեղ էլ հոկտեմբերի 10-ին բեկորային վիրավորում ստացավ։
«Մենք այդ ամենի միջով անցանք, մեր ընկերներից շատերն իրենց կյանքը տվեցին, որ ապագայի հեռանկար ունենանք, որ էլի ժպտանք, ապրենք»,- ասում է 20-ամյա Արմանը, որն արդեն աշխատում է ավիացիոն անվտանգության ծառայությունում։
Արման Համբարչյան
Նշում է՝ այս աշխատանքի հնարավորությունն անակնկալ էր, բայց շատ սպասված։ Այս տարի ավարտում է բժշկական քոլեջը, զուգահեռ ծրագրավորում է սովորում, նպատակ ունի շարունակելու ուսումը Պոլիտեխնիկի «Տրանսպորտային համակարգեր» բաժնում։ Արդեն հասցրել է սիրել ավիացիոն գործն ու իր ապագան այստեղ է պատկերացնում։ Ասում է՝ ամեն անգամ, երբ դիմավորող-ճանապարհողի կամ էլ մեկնողի կարգավիճակում օդանավակայան է գնացել, միշտ հետաքրքրել է՝ ինչ կա խորհրդավոր, փակ դռների հետևում։ Հիմա ինքն էլ է դարձել օդանավակայանի կուլիսային աշխարհի մի մասը։
«Կարող է մի քիչ փիլիսոփայական թվալ, բայց շատ եմ սիրում ամեն բարձրացող ինքնաթիռի հետևից երկնքին նայել։ Մեզ փոքր ժամանակ շատ են ասում՝ կանաչ ճանապարհ, կապույտ երկինք, հիմա եմ հասկանում, թե կապույտ երկինքն ինչ է՝ խաղաղություն։ Ու այստեղ՝ ամեն անգամ կապույտ երկնքին նայելիս, այդ խաղաղությունն եմ զգում»։
Այստեղ Արմանն աշխատում է բանակային ու նաև մարտական ընկերոջ՝ Անդրեյի հետ։

Անդրեյ․ Շատ գնահատում եմ այս հնարավորությունը

20-ամյա Անդրեյ Խաչատրյանը համեստ ու քչախոս է։ Ընտանիքը Գյումրիից է, 13 տարի Քաթարում են ապրել։ Երբ զորակոչային տարիքը մոտեցավ, Անդրեյը որոշեց, թեկուզ մենակ, Հայաստան վերադառնալ։ Ընկերը՝ Արմանը, պատմում է՝ երբ նոր էր եկել, հայերեն դժվար էր խոսում, հիմա արդեն գրում էլ է։ Արմանն ու Անդրեյը կողք կողքի կռվեցին մինչև Արմանի վիրավորվելը։ Անդրեյն անցավ ամբողջ պատերազմը, հետո էլ զինվորական ծառայությունը Մեհրաբի գնդում շարունակեց։
Անդրեյ Խաչատրյան
Ծառայությունն ավարտելուց հետո Անդրեյը ևս ընդգրկվեց ծրագրում, հրաշալի արդյունքներ ցուցաբերեց, հիմա միանգամից երկու աշխատանք է անում՝ օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպությունում՝ որպես թռիչքների անվտանգության մասնագետ, ինչպես նաև ավիաընկերությունում թերևս ամենախորհրդավոր գործն է անում ՝ վերծանում է «սև արկղերի» պարունակությունը։
«Շատ գնահատում եմ այս հնարավորությունը, որ իմ տարիքում արդեն նման գործ է ինձ վստահվել»,- մեղմ ժպիտով ասում է Անդրեյը։
Թեպետ «սև արկղերի» մասին լսում ենք միայն ավիավթարներից հետո, բայց, պարզվում է, դրանց վերծանումն ամենօրյա բարդ ու պատասխանատու աշխատանք է։

Հենրիկ․ Շանս տրվեց, պետք էր օգտվել ու առաջ գնալ

21-ամյա Հենրիկ Նիկողոսյանի զինծառայության 1 տարի 3 ամիսը հետևում էր մնացել, երբ պատերազմը սկսվեց։ Սեպտեմբերի 30-ին հրազենային վիրավորում ստացավ, հիմա տեղաշարժվում է անվասայլակով։ Ո՛չ պատերազմի դժոխքը, ո՛չ էլ հաղթահարած դժվարությունները Հենրիկի ժպիտը չեն խամրեցրել։ Ժպտալով շարունակում է առաջ գնալ՝ նոր հմտություններ ձեռք բերելով։ Գրաֆիկական դիզայն սովորելուն զուգահեռ աշխատում է օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպությունում որպես պլանավորման բաժնի մասնագետ։ Իր աշխատանքի մանրամասները չի պատմում․ ասում է՝ գաղտնիք է, անգամ տնեցիների հորդորներին ընդառաջ չի գնում․ գաղտնիքը բոլորի համար է։
Հենրիկ Նիկողոսյան
«Ավիացիայից գաղափար չունեի, երբեք ինձ այստեղ չեմ պատկերացրել, անկեղծ ասած, լրիվ ուրիշ ծրագրեր ունեի, բայց․․․ Հիմա այստեղ եմ, շատ սիրով եմ սովորում։ Օդանավակայանը չերևացող մի մեծ աշխարհ ունի։ Ինձ շանս տրվեց ոտք դնել այդ աշխարհ։ Օգտագործեցի ու առաջ եմ գնում»։
Հենրիկն արդեն մեքենա է վարում, ոչ միայն Արարատի մարզից ամեն օր ինքնուրույն աշխատանքի է գալիս, այլև գործընկերներին է բերում։

Հարություն․ Չթռա, բայց մոտեցա երազանքիս

20-ամյա Հարություն Սաֆարյանը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից է։ Մոտ երկու ամիս էր՝ ծառայում էր Ջրականում, սկսվեց պատերազմը։ Վզի շրջանում վիրավորվեց հոկտեմբերի 29-ին՝ արդեն Մարտունիում։ Երկու բեկորներից մեկը չի հեռացվել․ բժիշկներն ասում են՝ վիրահատությունը ռիսկային է։ Հարությունն ինքն էլ վարժվել է պատերազմի թողած բեկորին։ Մինչ բանակ գնալն ընդունվել էր ՀՊՏՀ, հիմա էլ աշխատանքին զուգահեռ կառավարման ֆակուլտետում է սովորում։ Այս աշխատանքը ոչ թե սպասված, այլ շատ սպասված էր։ Հորեղբայրը զինվորական է եղել, Արցախյան առաջին պատերազմում է զոհվել։ Խոստովանում է՝ ռազմական գործով միշտ է հետաքրքրվել, երազում էր ռազմական օդաչու դառնալ։
Հարություն Սաֆարյան
«Շատ ուրախացա, որ ասացին՝ ավիացիայի մասնագետներ են գալու մեզ հետ հանդիպելու։ Որ գիտեի՝ գամ այստեղ, օդանավ եմ տեսնելու, բարձրանալու ենք, իջնելու ենք․․․»,- փայլող աչքերով, ոգևորված պատմում է Հարությունը։
Կյանքում առաջին անգամ օդանավին մոտեցավ այս ծրագրի շնորհիվ։ Հիշում է՝ հենց առաջին հանդիպման ժամանակ Ալլան և մյուս մասնագետները զգուշացրեցին՝ ավիացիան զարմանալի ձգողականություն ունի, «ձգում է, էլ այդտեղից դուրս գալ չես կարողանում»։ Չնայած դեռ մի քանի ամիս է՝ ավիացիայի հետ գործ ունեն, բայց Հարությունն էլ է արդեն դա զգացել։
1 / 9

ՀՀ քաղավիացիայի աշխատակիցները

2 / 9

Հարություն Սաֆարյան

3 / 9

Ալլա Խաչատրյանն ու Անդրեյ Խաչատրյանը

4 / 9

ՀՀ քաղավիացիայի աշխատակիցները Sputnik Արմենիայի աշխատակից Մարիաննա Փայտյանի հետ

5 / 9

ՀՀ քաղավիացիայի աշխատակիցները

6 / 9

Արման Համբարչյան

7 / 9

Արման Համբարչյանն ու Անդրեյ Խաչատրյանը

8 / 9

Հենրիկ Նիկողոսյանն ու Հարություն Սաֆարյանը

9 / 9

Ալլա Խաչատրյանն ու Հենրիկ Նիկողոսյանը

«Չթռա, բայց երազանքիս մոտեցա»,- ժպտում է նա։
Թեպետ վիրավորումն էլ թույլ չի տա օդաչու դառնալ, բայց օդանավերին շատ մոտ կլինի։
Հ․Գ․ Ծրագրի արդեն երկրորդ փուլն է ընթացքի մեջ։ Այս անգամ մոտ 50 տղաներից ընտրվել է 11-ը։ Առաջիկա ամիսներին նրանք կմասնագիտանան ավիացիոն գործում, աշխատանքի կանցնեն տարբեր ծառայություններում։ Առջևում երրորդ փուլն է։