Մահացել է գերդոզավորումից. Անդրանիկ Քոչարյանը ցուցարարներին հորդորեց զգոն լինել

Անդրանիկ Քոչարյանը. Արխիվային լուսանկար
Հայաստանի փոխոստիկանապետը հաստատեց, որ ընդդիմության հանրահավաքի մասնակիցներից մեկը մահացել է գերդոզավորումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիներին կոչ արեց զգույշ լինել՝ հաշվի առնելով այդ ակցիաներում «որոշակի կոնտինգենտի» առկայությունը։
Նա այսպես մեկնաբանեց Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր շարժման տեղադրած վրաններից մեկում Երևանի ավագանու նախկին անդամ Արթուր Սեդրակյանի մահը։
Սեդրակյանը հանկարծամահ էր եղել սրտային սուր անբավարարությունից։ Նրա մահից մի քանի օր անց ոստիկանությունը հայտնել էր, որ նրա արյան մեջ հայտնաբերվել է բնական և սինթետիկ կանաբինոիդների խառնուրդ՝ բենզոդիազեպինի միացություններ։
Խորհրդարանական հանձնաժողովի նիստում այսօր ներկա փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ մահը վրա է հասել գերդոզավորման հետևանքով։ Ի պատասխան՝ Քոչարյանն ասաց, որ համապատասխան կառույցներն անելիք ունեն։
«Եթե փակ տարածքներում նման կոնտինգենտ կա, ապա ինձ թվում է, որ այդ գործողություններում ներգրավված երիտասարդները պետք է հատկապես զգոն լինեն»,- նշեց Քոչարյանը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։