ԼՂ-ում սովորական երեխաներ են ապրում, ուղղակի գիտեն` ինչ է պատերազմը. Գևորգյանը` ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ նիստերի դահլիճում. Արխիվային լուսանկար
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով` Եվրոպայի խորհրդի տարածքում կան տեղեր, որտեղ երեխաների իրավունքները, նրանց խնդիրներն ու դժվարությունները դուրս են ուշադրությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Ավելի քան երեսուն տարի է` սովորական եվրոպացի երեխաներ են ապրում անկախ Լեռնային Ղարաբաղում, միայն մեկ տարբերությամբ՝ նրանք գիտեն, թե ինչ են պատերազմն ու խաղաղությունը։ ԵԽԽՎ-ի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի նիստում իր ելույթում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Նա բոլորի ուշադրությունը հրավիրել է արցախցի երեխաների անվտանգության ու խաղաղ ապրելու իրավունքի վրա։

«Նրանց մեջ հայրենասիրության և արդարության զգացումն ավելի սուր է։ Ի տարբերություն Եվրոպայի իրենց հասակակիցներից շատերի, նրանք գիտեն, թե ինչ են պատերազմն ու խաղաղությունը, գլոբալացման դարաշրջանում նրանք հստակ հասկանում և գիտակցում են, թե ինչ է անկախությունը, ինչպես է այն ձեռք բերվում և պահպանվում։ Նրանք հազվադեպ երևույթ են ժամանակակից Եվրոպայի համար. նրանք անկախության սերունդն են»,- ասել է Գևորգյանը։

Նրա խոսքով` խաղաղության հայեցակարգը, որն այլընտրանք չունի ողջ տարածաշրջանի համար, պետք է Արցախի երեխաներին ընձեռի սեփական երկրում ազատ ու ապահով ապրելու և ապագայի հանդեպ վստահ լինելու հնարավորություն։
Գևորգյանը վստահ է, որ ցանկացած այլ լուծում իրական խաղաղություն և կայունություն չի բերի ողջ Հարավային Կովկասում։
Նա հիշեցրել է, որ վեհաժողովի վերջին նստաշրջանում Մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարել է, որ չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Ադրբեջանի իշխանությունները դեմ են նման այցին։
«Ինչո՞ւ։ Որովհետև նա կարող է տեսնել, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները վախի և ապագայի անորոշության մթնոլորտ ստեղծում, հատկապես՝ երիտասարդ սերնդի համար»,- ասել է Գևորգյանը։
Նա շեշտել է, որ գտնվելով Լեռնային Ղարաբաղում՝ ԵԽԽՎ ներկայացուցիչները կարող են հարցնել այդ հանրապետության երիտասարդներին՝ պատկերացնու՞մ են այն որպես Ադրբեջանի մաս, որը փորձում է ոչնչացնել իրենց հայրենիքը։ Նրանք կստանան այն հարցի պատասխանը, թե հնարավո՞ր է արդյոք ապրել մի պետության կազմում, որը վերջերս Լեռնային Ղարաբաղը զրկեց գազամատակարարումից և բնակչությանը կանգնեցրեց ծայրահեղ հումանիտար աղետի առջև։
Գևորգյանն առաջարկել է մտածել, թե ինչպես կարող է արցախցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ, և թե ինչպես կարող են նրանք ներգրավվել համաեվրոպական երկխոսության գործընթացներում՝ պաշտպանելու համար իրենց իրավունքներն ու ազատությունները։
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ նիստում անդրադարձել է Չավուշօղլուի պահվածքին