Հետախուզվում է ընդդիմության հավաքի մասնակից Գեղամ Կարապետյանը

Երևանի քաղաքապետարան
Ըստ ՔԿ-ի` 35-ամյա տղամարդը փորձել է գլխով հարվածել ոստիկաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ընդդիմության հավաքի մասնակից Գեղամ Կարապետյանը հետախուզվում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2022թ. մայիսի 11-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտ ընդդիմության հավաքների մասնակիցներից մեկի կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ըստ ՔԿ-ի` Երևանի բնակիչ, 1987թ. ծնված Գեղամ Կարապետյանը, որը նախկինում 4 անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվել տարբեր հանցագործությունների, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, այդ օրը բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով՝ փորձել է գլխով հարվածել ոստիկաններին։

Գեղամ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։