ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Նրանք խոչընդոտել են գնացքների բնականոն երթևեկությունը` նստելով ու կանգնելով միաժամանակ երկու ուղղություններով ընթացող գնացքների դռների միջև։
«Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մետրոպոլիտենից խոստանում են` բնականոն աշխատանքին անցնելուն պես տալ լրացուցիչ տեղեկություն:
Հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիանները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։
Հիշեցնենք` մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։ Մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։