ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
«Այս պահին Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դները բաց են, և մետրոպոլիտենի գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, այսօր կեսօրին մոտ անհնազանդության ակցիաների մի խումբ մասնակիցներ խաթարել էին Երևանի մետրոպոլիտելի աշխատանքը։
Մետրոյի «Երիտասարդական» կայարանում ակցիայի մասնակիցները խոչընդոտել են գնացքների բնականոն երթևեկությունը` նստելով ու կանգնելով երկու ուղություններով ընթացող գնացքների դռների միջև։ Արդյունքում մեքենավարները չէին կարողացել փակել դռներն ու վարել գնացքները։
Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից շատերին, սակայն «Երիտասարդականում» գնացքների` շուրջ 20 րոպե կանգնած մնալու պատճառով ամբողջ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարվել էր։ Մետրոյի ղեկավարությունը ստիպված էր եղել փակել բոլոր կայարանների մուտքերը և դուրս բերել քաղաքացիներին` մինչև աշխատանքի վերականգնումը։