ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Երևանի Աբովյան փողոցից՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքից, քիչ առաջ բերման ենթարկեցին անհնազանդության ակցիաների ևս մեկ մասնակցի։
Մի քանի ոստիկաններ դժվարությամբ, քարշ տալով, ոտք ու ձեռքից բռած՝ ակտիվիստին փորձում էին մոտեցնել ոստիկանական ավտոմեքենային։
Ծանրքաշային ակտիվիստը հընթացս զգուշացնում էր, որ ինքը շատ ծանր է` 170 կգ, բայց ոստիկաններն անդրդվելի էին։
«Հանգի՛ստ։ Դու քեզ վնասելու ես։ Քեզ մի՛ տանջիր, մեկ է՝ տանելու ենք», - ասում էին նրանք ու մի քանի հոգով, մեծ դժվարությամբ, ցուցարարին տեղավորում ոստիկանական ավտոմեքենայի մեջ։
Բերման ենթարկելու ընթացքում ցուցարարի կոշիկը դուրս եկավ ոտքից ու մնաց փողոցում։
«Ա՛խ, կոշիկս»,- բղավեց նա։ Ոստիկանները ցուցարարին ավտոմեքենան նստեցնելուց հետո նրան վերադարձրեցին նաև փողոցում ընկած կոշիկը։