Զոհվածների ծնողները բացեցին փողոցը. նրանք դատարան մտան

Զոհված զինծառայողների ծնողները
Ծնողները պահանջում են, որ գործով դատավորը բացատրի` ինչո՞ւ վերահսկողություն իրականացնող դատախազը ծանուցված չի եղել այսօրվա նիստի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները բացեցին Վերաքննիչ քրեական դատարանին հարակից Գարեգին Նժդեհի փողոցը։

Ծնողների առջև բացեցին դատարանի դուռը, և նրանք ներս մտան։ Ծնողները պահանջում են, որ գործով դատավորը գա և բացատրի` ինչո՞ւ վերահսկողություն իրականացնող դատախազը ծանուցված չի եղել այսօրվա նիստի մասին, ինչի պատճառով էլ նիստը հետաձգվել է։

Ծնողներն ուզում են, որ դատավորն իրենց ծանուցման պատճենը ներկայացնի, որպեսզի հասկանան` «ով է սուտ խոսում այս պատմության մեջ»։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել են, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Քրգործի նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։
Այսօր պետք է տեղի ունենար Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը, որը հետաձգվեց։ Պատճառը զինդատախազ Արշակ Մարտիրոսյանի չներկայանալն է։ Զոհվածների և անհետ կորած զինծառայողների հարազատները սույն գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ։