Մոսկվան հայաստանյան բողոքի ցույցերը երկրի ներքին գործն է համարում և չի միջամտում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո
Ռուսաստանի փոխարտգործնախարարը խոսել է Հայաստանում ընթացող բողոքի շարժման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ռուսաստանը հայաստանյան բողոքի շարժումը դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Դա Հայաստանի ներքին գործն է` այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ, և այն, ինչ հայտարարում է Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։ Մենք գիտենք այդ մասին և այդ գործընթացներին չենք միջամտում»,- ասել է Ռուդենկոն։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։