ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայտնի չէ` Արմավիրի մարզով անցնող Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը մինչև բերքի սեզոնն ամբողջությամբ կգործի՞, թե ոչ։
Նշենք, որ մարտի վերջին հայտնի դարձավ, որ Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը վնասվել է: Կամուրջն այժմ երթևեկելի է մեկ գոտիով: Գյուղացիներն իրենց մտահոգությունն են հայտնում, որ բերքի սեզոնին կարող են դժվարություններ ունենալ։
Արմավիրի մարզի Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը
© Sputnik / Sara Galstyan
Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` պարզելու, թե ինչ աշխատանքներ են տարվում, որպեսզի երթևեկությունը բնականոն հունի մեջ ընկնի, կան արդյոք աշխատանքների սահմանված ժամկետներ։ Սակայն նախարարությունից այդպես էլ չեն հայտնել` կա՞ն հստակ սահմանված ժամկետներ խնդրի վերացման համար, թե՞ ոչ։
«Մ-3 միջպետական ճանապարհի կմ 11+400 հատվածի կամրջի հիմնանորոգման նախագծման մրցույթը կայացել է, և նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակման փուլում են։ Նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով ընդունվելուց և համալիր փորձաքննություն անցնելուց հետո կհայտարարվի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ»,–ասված է մեր հարցմանն ի պատասխան։
Արմավիրի մարզի Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը
© Sputnik / Sara Galstyan
Միաժամանակ, նշվում է նաև, որ հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո կմեկնարկեն շինաշխատանքները՝ պետբյուջեի ֆինանսավորմամբ։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում Եղեգնուտի բնակիչները նշեցին, որ եթե բերքի սեզոնին` ամռան ընթացքում, կամուրջը երկկողմանի երթևեկելի չլինի, ապա խոչընդոտներ կստեղծի դրանից օգտվող մի քանի գյուղերի (Մարգարա, Երասխահուն, Եղեգնուտ և այլն) բնակիչների համար։ Ավելին, նրանք վստահեցնում են` եթե այսպես երկար շարունակվի, ապա ծանրաբեռնվածության պատճառով կամրջի մյուս հատվածն էլ շարքից դուրս կգա։
Արմավիրի մարզի Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը
© Sputnik / Sara Galstyan