Խորտկարանի տերը դրդել է պոռնկության՝ վճարելով ամեն «գործարքից» հազար դրամ

Նյութերի նախապատրաստման ընթացքում ճշտվել է խորտկարանի մշտական հաճախորդների ինքնությունը։ Նրանք հայտնաբերվել են, տվել խոստովանական բացատրություն։
Sputnik
Իրացնելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ ստացված տվյալները՝ մայիսի 2-ին ոստիկանության Թումանյանի բաժին են ներկայացվել Լոռու մարզի երկու բնակչուհի, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Կանանցից մեկը հայտնել է, որ 2020-2021 թթ. Վանաձոր-Ալավերդի ճանապարհի խորտկարաններից մեկում, ձեռնարկատիրոջ հորդորով ու համոզմամբ, հաճախորդների հետ փողի դիմաց կատարել է սեքսուալ գործողություններ։ Ամեն հանդիպումից հետո խորտկարանի 61-ամյա ձեռնարկատերը նրան տվել է 1000 դրամ, իսկ մնացած փողը՝ պահել, սակայն, ըստ նախնական պայմանավորվածության, փողը պետք է հավասար բաժանեին։
Մյուս կինն էլ հայտնել է, որ նույն խորտկարանի ձեռնարկատիրոջ հորդորով ու համոզմամբ շուրջ 3 տարի, նախնական պայմանավորվածությամբ, հաճախորդների հետ փողի դիմաց ունեցել է սեռական հարաբերություն, և ամեն հանդիպումից հետո 61-ամյա ձեռնարկատերը տվել է 5000 դրամ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ճշտվել է խորտկարանի մշտական հաճախորդների ինքնությունը։ Նրանք հայտնաբերվել են, տվել խոստովանական բացատրություն։
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով հայտնաբերվել է նաև խորտկարանի 61-ամյա տերը։
Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։