«Դիմադրություն» շարժման կազմակերպած երթը Ֆրանսիայի հրապարակից անցնելով Բաղրամյան պողոտայով ու հասնելով Պռոշյան փողոցում գտնվող կառավարական ամառանոցների մոտ, մի քանի րոպե կանգ առավ։
«Մենք մոտենում ենք հայրենադավ իշխանության ապաստան դարձած կառավարական ամառանոցին։ Մենք ասում ենք` դու մեր երկրի ղեկավար չես կարող լինել, որովհետև մենք արժանապատվություն ունենք և վռնդելու ենք թշնամու առաջ ծնկի եկած ղեկավարությանը»,–հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև հիշեցրեց` պատերազմից հետո իրենք հայտարարել են, որ ամառանոցների տարածքը պետք է վերածվի հաշմանդամ դարձած զինծառայողների վերականգնողական կենտրոնի։
«Մենք ասել ենք, որ կառավարական առանձնատունը և այդ հսկայական ծախսերը մեր երկրի համար ճոխություն են։ Էս վերջին օրերն են, որ մի հոգին այստեղ մնում է։ Սա պետք է ծառայի ժողովրդին» ,– հայտարարեց Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով հեռանալ, որպեսզի Հայաստանում լինի հանդարտություն ու կայունություն։
«Գնա՛։ Ինչքան շուտ ու անցնցում, այնքան լավ քեզ համար»,– ասաց Սաղաթելյանը` հեռակա դիմելով Փաշինյանին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։