ՌԱԴԻՈ

Առաջիկա տարիները բացասական կլինեն կրիպտոարժույթների համար. ինչո՞ւ են դրանց գները նվազում

Կրիպտոարժույթների շուկայում վերջին շաբաթներին գների կտրուկ անկում է գրանցվում։ Ֆինանսական շուկաների մասնագետ Նարեկ Զաքարյանը Sputnik Արմենիայի եթերում բացատրում է՝ ինչով է դա պայմանավորված ու Հայաստանում ովքեր են կրիպտոարժույթներից օգտվում։
Sputnik
Կրիպտոարժույթների շուկայի վերաբերյալ Հայաստանն ունի միջանկյալ դիրք՝ ո՛չ արգելում է, ո՛չ էլ խրախուսում դրանով զբաղվելը։ Հայկական շուկայում ռիսկային ներդնողներ կան, սակայն դժվար է ասել, որ տնտեսության մեջ մայնինգով զբաղվողների բերած եկամուտներն ինչ-որ առանձնակի կշիռ ունեն։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց ֆինանսական շուկաների մասնագետ Նարեկ Զաքարյանը՝ բացատրելով կրիպտոշուկայում գների անկման պատճառներն ու Հայաստանում դրանց օգտագործման ցուցանիշները։
Անդրադառնալով հայկական շուկայի միջանկյալ դիրք ունենալուն` Զաքարյանը նշեց, որ այստեղ չկա կոնկրետ որևէ օրինագիծ, որ կարգելի կրիպտոարժույթների օգտագործումը, սակայն ԿԲ-ն, այդուհանդերձ, զգուշացնում է հասարակությանը վտանգավոր հետևանքների մասին։ Միևնույն ժամանակ էլ չունենք կոնկրետ խրախուսող միջոցներ կամ օրինագծեր, որոնցով ԿԲ-ն կամ առհասարակ պետությունը փորձի ավելի ակտիվացնել կրիպտոարժույթների օգտագործումը։ Այնուամենայնիվ, Հայաստանում գործում է օրինագիծ, որով մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ը չի հարկվելու կրիպտոարժույթների մայնինգի ծառայությունը։
«Հայաստանում առհասարակ զբաղվում են մանրածախ մայնինգով, այսինքն` մարդիկ ստեղծում են իրենց փոքրիկ «ֆերմաները»։ Իսկ համաշխարհային ցանցին միանալը հիմա շատ հեշտ է, տեխնոլոգիաները դա թույլ են տալիս։ Բազմաթիվ մանրածախ ներդրողների, գործարարների կողմից հետաքրքրություն այս գործունեության հանդեպ նկատվում է»,- նշեց Զաքարյանը։
Ինչ վերաբերվում է գների անկմանը, Զաքարյանի դիտարկմամբ՝ դրանք 2018-ին արդեն նվազում էին ու կամաց-կամաց կվերանային մարդկանց ուշադրության կենտրոնից, եթե չլիներ 2020թ–ի կորոնավիրուսը, որը, կարելի է ասել, որոշ ժամանակով փրկեց կրիպտոների շուկան։
«Բացի bitcoin-ից, բոլոր կրիպտոարժույթների գներն են նվազել, ուղղակի bitcoin-ն ամենամեծն է, հետևաբար ամենաքիչ հարվածն է ունենում, սակայն մնացածն էլ են bitcoin-ին հավասար անկում են ապրում։ Ընդհանուր տնտեսական տեսանկյունից առաջիկա տարիները շատ բացասական են լինելու կրիպտոարժույթների համար։ Մինչև 2022թ․ վերջ կանխատեսելի է, որ շատ բացասական է տրամադրվածությունը կրիպտոարժույթների հանդեպ»,- ասաց Զաքարյանը։
Գների անկման պատճառը հասկանալու համար, ըստ Զաքարյանի, պետք է կրիպտոարժույթների զարգացման ընթացքին նայել։ Մասնագետի տվյալներով՝ 2017-ին, երբ համաշխարհային տնտեսություններն արդեն հաղթահարել էին տնտեսական ճգնաժամի հետևանքները, և հասարակության մոտ շատ գումար էր առաջացել, նրանք արդեն պատրաստ էին այդ հավելյալ գումարները ռիսկային ակտիվներում ներդնել, որի հետևանքով առաջին կրիպտոյի՝ bitcoin-ի գինը 1 տարում 700 դոլարից հասավ 20 հզ դոլարի։
Այդ ժամանակ էլ պետությունները սկսեցին անհանգստանալ կրիպտոարժույթների տարածումից ու խիստ միջոցներ կիրառել դրանց դեմ։ Ու 2018-ից հետո գները շուկայում անկում էին ապրում, մինչև չեկավ կորոնավիրուսը։
Կորոնավիրուսի տարում, երբ պետությունները սկսեցին փոխհատուցումներ տալ բնակիչներին լոքդաունի հետևանքները հաղթահարելու համար, մարդկանց մոտ գումարը կրկին ավելացավ։ Ինչպես 2017-ին էր, այնպես էլ այդ տարի, մարդիկ նորից սկսեցին ներդրումներ անել ռիսկային ակտիվների մեջ, ինչի արդյունքում կրիպտոարժույթները կտրուկ բարձրացան։ Օրինակ՝ bitcoin-ը, որի արժեքը 2020-ին 5000 դոլար էր, 2021-ի նոյեմբերին հասավ 68 հզ դոլարի։
Թվային դրամը՝ միջազգային արժո՞ւյթ. Հայաստանում կրիպտոհաբ ստեղծելու աշխատանքներ են ընթանում
Դրանից հետո, ըստ Զաքարյանի, ԱՄՆ-ն, օրինակ, հասկանալով, որ սա շատ ծանր գնաճի է բերում, սկսեց ծրագրեր իրականացնել, որ ավելորդ փողի քանակը քչացնի տնտեսությունից, և սա սկսեց ճգնաժամային իրավիճակ առաջացնել բոլոր ռիսկային ակտիվներում։ Սկսած 2021թ․ նոյեմբերից թե՛ կրիպտոարժույթների ու թե՛ առհասարակ ֆինանսական շուկաներում տարբեր ակտիվների գներն անկում են ապրում, իսկ վերջին մեկ շաբաթում կտրուկ անկում է գրանցվել կրիպտոարժույթների շուկայում։
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն այսօր նշել էր, որ կրիպտոարժույթների ոլորտը հայաստանյան օրենսդրության որևէ իրավական ակտով այս պահին չի կարգավորվում։ Բաց է նաև այդ գործունեության հարկման դաշտը։ Նա հայտնել էր, որ այս պահին արդեն կարգավորման մեծ օրենսդրական փոփոխությունների փաթեթ կա։
ԿԲ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը հիմա մեծ հաշվով համարվում է մոխրագույն դաշտ։