ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում 2 ուկրաինական գրոհիչ, 1 ռմբակոծիչ ու անօդաչու թռչող սարքեր են խոցել: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով Ուկրաինայի Նիկոլաևի մարզի Եվգենովկա ու Վելիկայա Կամիշևախա բնակավայրերի շրջաններում խոցվել են Ուկրաինայի օդային ուժերի Սու-25 2 ինքնաթիռ։ Բացի այդ, Զմեինի կղզու շրջանում կործանվել է ուկրաինական 1 Սու-24 ինքնաթիռ», - ասել է նա։
Բացի այդ, Խարկովի մարզի Մալայա Կամիշևախա, Սնեժկովկա, Շպակովկա, Իվանովկա ու Խերսոնի մարզի Չեռնոբաևկա շրջաններում «Սմերչ» համազարկային կրակի համակարգի 18 ռեակտիվ արկ են որսացել:
Գեներալի խոսքով` ՌԴ-ի հրթիռային զորքերը ոչնչացրել են ուկրաինական զորքերի կառավարման 14 կետ ու 24 հրետանային մարտկոց, խոցել են հակառակորդի կենդանի ուժի ու տեխնիկայի կուտակման 325 շրջան:
Կոնաշենկովը նշել է, որ հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 360 ազգայնական, շարքից հանվել է 78 միավոր ռազմական տեխնիկա։
«Օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիան խոցել է կառավարման 3 կետ, կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 104 շրջան, ինչպես նաև վառելիքի 2 պահեստ», - հայտնել է նա:
Նրա խոսքով՝ ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 168 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 889 անօդաչու թռչող սարք, 307 զենիթահրթիռային համալիր, 3108 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, 381 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանք, 1529 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 2949 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 82-րդ օրը։