Երևանում բողոքի ակցիաների և ավտոերթերի պատճառով 2 տրոլեյբուս երթուղի դուրս չեն եկել

Տրոլեյբուս
Երևանում կա 29 տրոլեյբուս, բայց նախորդ շաբաթ 27-ն են երթուղի դուրս եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանում ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիաների և ավտոերթերի պատճառով տրոլեյբուսներից 2-ը երթուղի դուրս չեն եկել։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկությունը հայտնեց «Երևան էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը։
Երևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են արվել
Նա նաև ընդգծեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում գիծ է դուրս եկել 189 շարժակազմ, իսկ աշխատանքներն էլ ընդհանուր առմամբ նորմալ են ընթանում։
«Երևանտրանս» ՓԲԸ–ի տնօրեն Միսակ Համբարձումյանն էլ ներկայացրեց աշխատանքային օրերին սպասարկած մեքենաների միջին քանակը` 445 ավտոբուս, մասնավոր ընկերությունների կողմից սպասարկվող 312 միկրոավտոբուս, 27 տրոլեյբուս (ընդհանուր առմամբ Երևանում կա 29 տրոլեյբուս. խմբ.)։
Հիշեցնենք` արդեն շուրջ մեկ ամիս է` ընդդիմությունը հանրահավաքներ ու բողոքի տարբեր ակցիաներ է անցկացնում Երևանում ու որոշ մարզերում։
Այսօր վաղ առավոտից նախատեսված անհնազանդության ակցիաները ժամը 08։00-ից մեկնարկել են Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։
Ոստիկանությունը 2 ուղղությամբ փորձեց կասեցնել ընդդիմության ավտոերթը դեպի Երևանի կենտրոն