Դահուկ կքշեն, տեսարժան վայր կգնան. նոր սարքը սայլակով մարդկանց կազատի 30 հիվանդությունից

«QaylTech» ընկերության ստեղծած սարքը
Երբ մարդու քայլքի ֆունկցիան խանգարված է` ողնուղեղի վնասվածքի, ուղեղային կաթվածի կամ ցրված սկլերոզի պարագայում, սարքը օգնում է վերականգնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Հայ մասնագետները հենաշարժողական խնդիրներ ունեցող, հիմնականում՝ նստակյաց անձանց համար, կարևոր սարք են ստեղծել «MetaGait» նախագծի շրջանակում։
Նոր սարքը հնարավորություն կտա ազատվելու շուրջ 30 հիվանդություններից, որոշ դեպքերում` նաև ոտքի կանգնել։
Sputnik Արմենիան զրուցել է գաղափարի հեղինակ, կինեզիոլոգ, «QaylTech» ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանի հետ։
«QaylTech» ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանը
Պարզվել է, որ տվյալ տեխնոլոգիան մասնագետները սկսել են մշակել 2016 թվականին։ Իսկ հիմա նորաստեղծ սարքն արդեն սկսել են գործածել, և արդյունքները շուտով տեսանելի կլինեն։
«Նման սարք ստեղծելու միտքն առաջացել է Ապրիլյան պատերազմից մոտ 2 տարի հետո, երբ ընկերներով աշխատում էինք զինհաշմանդամների հետ։ Այն տղաները, որոնք տեղաշարժվում են սայլակով, նստակյաց կյանքի պատճառով առողջական բազմաթիվ այլ խնդիրներ են ձեռք բերում։ Վերականգնողական բուժման հաջորդ փուլերում արդեն անհրաժեշտություն է առաջանում այդ հիվանդություններն էլ բուժել։ Հենց այս ամենից ելնելով` առաջացավ այս սարքը ստեղծելու գաղափարը։ Այն հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց հեռավար ռեաբիլիտացիա անցնելու»,- նշեց Արսենյանը։
QaylTech ընկերության ստեղծած սարքը սահմանափակ կարողություններ ունեցողների համար
Նորաստեղծ սարքի մի կարևոր հատվածն է վիրտուալ իրականության ակնոցը (VR)։ Կանգնելով սարքին և դնելով ակնոցը` մարդիկ տեսնում են իրենց ոտքերը, և ուղեղն ազդակներ է ստանում և ընկալում, թե իրենք իրականում են քայլում։ Սարքի հատուկ մեխանիզմն աշխատեցնում է ոտքերի, ձեռքերի ու մարմնի այլ մկաններ։ Ակնոցն էլ նրանց տեղափոխում է տեսարժան վայրերով շրջելու (Տաթև վանական համալիր, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի) կամ լեռներ՝ դահուկ քշելու։ Սարքը ստեղծվել է այն անձանց համար, որոնք ողնուղեղի վնասվածք, ուղեղային կաթված (ինսուլտ) են ստացել կամ ախտորոշվել է ցրված սկլերոզ։
Ներկայում այս սարքի 1 օրինակ կա, սակայն այժմ սկսվել է դրամահավաք, որի միջոցով նախատեսվում է ստեղծել 35 հատ, որից 25-ը զինհաշմանդամների, մյուս 10-ն էլ՝ մանկական ուղեղային կաթվածով անձանց համար։
VR ակնոցը
«Այս անձանց առաջնահերթությունները տրված են ըստ տրավմաների, ցուցումների կամ հակացուցումների։ Մարդիկ կան, որ սարքի կարիքը կունենան մոտ 1 տարի հետո, երբ կանցնեն վերականգնողական բուժման փուլը»,- ասաց նախագծի հեղինակը։
«QaylTech»-ում բուժում ստացող Գոհար Նավասարդյանը, որն ունի հենաշարժողական խնդիրներ, այժմ կամավոր փորձարկում է սարքը։ Նրա մոտ 13 տարեկանում մենինգիտ է ախտորոշվել, ինչից հետո բարդություններ են առաջացել։ Արդյունքում աղջիկը ձեռք է բերել հենաշարժողական խնդիրներ ու, արդեն 19 տարի է, ինչ սայլակով է տեղաշարժվում։
Դավիթ Արսենյանն աշխատում է Գոհար Նավասարդյանի հետ։
«VR ակնոցով ենթագիտակցորեն վերհիշում ես քայլելու հաճույքը, որը 13 տարի ունեցել ես ու երկար ժամանակ չես զգացել։ Այս ամենն ինձ թույլ է տալիս ավելի մոտիվացվել ու պայքարել անկախ հոգնածությունից կամ ցանկության որոշակի բացակայությունից»,- նշեց Գոհարը։
Գոհարի համար նորաստեղծ սարքը եզակի բան է, որը թույլ է տալիս վերհիշել այն, ինչ վաղուց մոռացվել էր։ Շուրջ 20 տարի վերականգնողական բուժում է ստացել, ինչպես նաև սպորտով է զբաղվել` պարահոկեյով։ Ասում է` երբեք սեփական աշխատանքի նկատմամբ այսքան հավատով լցված չի եղել։
Գոհար Նավասարդյանը