27 ներկայացում. մեկնարկում է «Արմմոնո» 20-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը

Փառատոնի բացման արարողությունից առաջ հանդիսատեսին սպասվում է երկու գեղեցիկ ներկայացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Մայիսի 17-21-ը կանցկացվի «Արմմոնո» 20-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը, որին այս տարի բեմադրություններով կմասնակցեն Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը (առցանց): Տեղեկությունն ասուլիսում հայտնեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
Այս տարի հոբելյանական փառատոնին կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում:
«Արմմոնո» 20-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնի ծրագիրը
Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոսթենդափ, մոնոդոկ:
Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։
Կանցկացվի նաև հատուկ նախագիծ «Թատրոն-Դրամա.am» էլ․ կայքի հետ, որի շրջանակում նախատեսված են թատերական ընթերցումներ՝ «Սովորական մարդկանց անսովոր պատմությունները» խորագրի ներքո, որտեղ կներկայացվեն հայ դրամատուրգների գործեր։

«Վաղը` մայիսի 17-ին, փառատոնի բացման արարողությունից առաջ, երեկոյան ժամը 18։00-ին նախատեսված է երկու ներկայացում. «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում՝ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» ներկայացումը, իսկ Հայաստանի թատերական գործիչների միությունում նույն ժամին նախատեսված է Ելենա Դուդիչի (Ուկրաինա) «Ռոմեո և Ջուլիետ» կամ «Մարգարիտա և Աբուլֆազ» ներկայացումը»,- ասաց Մխիթարյանը։

Նշենք, որ ասուլիսին ներկա էր նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, որի մոնոօպերայով էլ կտրվի փառատոնի մեկնարկը։
««Արմմոնո» փառատոնը կբացվի մայիսի 17-ին՝ ժամը 19։30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում․ կներկայացնեմ Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան՝ ըստ Ժան Կոկտոյի համանուն պիեսի»,- ասաց Ավանյանը։
Փառատոնի բացման արարողությանը մի խումբ թատերական գործիչներ կպարգևատրվեն «Արմմոնո XX» հուշամեդալով, որը թողարկվել է 2022 թվականին։
Փառատոնի շրջանակում նախատեսված է նաև առցանց բեմադրության դիտում. կներկայացվի Ֆաթիմա Ռեժամետովայի «Ես սիրում եմ և սիրված եմ» (Ուզբեկստան) ներկայացումը։
Այս տարի «Արմմոնո» փառատոնը կշեշտադրի բացառապես հայ հեղինակների ստեղծագործությունները՝ Ե․ Չարենց, Հ․ Մաթևոսյան, Պ․ Զեյթունցյան, Ա․ Պաչյան և այլն, որոնք կցուցադրվեն փորձարարական թատերական տարբեր հարթակներում։
Նշենք, որ փառատոնն անցկացվում է ԿԳՄՍՆ աջակցությամբ։ Այս տարի փառատոնի ներկայացումները կլինեն ինչպես հրավիրատոմսերով, այնպես էլ տոմսերով։