Նահանջից առաջ Ուկրաինայի ուժայինները 49 տոննա պայթուցիկով ականապատել են Ռուբեժնիում (ԼԺՀ) գտնվող «Զարյա» խոշոր քիմիական գործարանը, սակայն ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներին հաջողվել է արգելափակել ազդանշանը, որը պետք է հեռակառավարման միջոցով պայթյուն առաջացներ, հայտնել է հանրապետության Ժողովրդական միլիցիան:
«Նրանք իրենց հետևից անակնկալ էին թողել ականապատված պահեստի տեսքով։ Գործարանի պահեստում պահվող մոտ 49 տոննա տրոտիլը և ամոնիակը կարող էին ոչ միայն հսկայական ավերածություններ առաջացնել, այլև հանգեցնել տեխնածին գլոբալ աղետի, քանի որ մոտակայքում եղել են մի քանի շարժակազմեր ամոնիակով, ազոտական և ծծմբային թթուներով, պարանտրոտոլուոլով, բենզոլով և այլ վտանգավոր նյութերով», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Պայթյունը պետք է տեղի ունենար հեռակառավարմամբ այն պահին, երբ այն կպատճառեր ամենամեծ վնասը։
«ԼԺՀ-ի Ժողովրդական միլիցիայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ պայթյունի ազդանշանն արգելափակվել է», - նշված է հաղորդագրության մեջ։
Սակրավորներին հաջողվել է շրջանցել պահեստում հակառակորդի թողած բոլոր թակարդները և վնասազերծել պայթյունի բոլոր կետերը։
Գերատեսչությունից վստահեցրել են, որ օբյեկտը վնասազերծվել է և այլևս վտանգ չի ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 81-րդ օրը։