Խնդիրներ դեռևս շատ կան. ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ

Ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան՝ սկսած ժողովրդագրական զարգացման բացասական միտումներից, բռնության դեպքերից մինչև սեռով պայմանավորված հղիության ընդհատումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ։
Նշենք, որ մայիսի 15-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Ընտանիքի միջազգային օր՝ նպատակ ունենալով հասարակությանը լայնորեն իրազեկել ընտանիքների խնդիրների մասին։
«Ընտանիքի կարևորագույն նշանակությունն ու պաշտպանության երաշխիքներն ամրագրված են մեր Սահմանադրությամբ... Մեր ազգային օրենսդրությամբ որդեգրված է ընտանիքը, մայրությունն ու մանկությունը պետական հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո պահելու սկզբունքային մոտեցումը։ Ուստի, պատահական չէ, որ մայիսի 15-ը մեր օրենսդրությամբ ևս նախատեսված է որպես Ընտանիքի օր»,- գրել է նա։
Դեբեդից փրկված 2 տարեկան Արևի համար ընտանիք են «փնտրում»
Գրիգորյանի խոսքով` մեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան՝ սկսած ժողովրդագրական զարգացման բացասական միտումներից, բռնության դեպքերից մինչև սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վիճակագրությունը։
Նա վստահ է, որ պետական քաղաքականությունը պետք է միտված լինի իրական խնդիրների ախտորոշմանն ու մտածված լուծումների ներդրմանը՝ լավագույնս օգտագործելով հասարակության բոլոր անդամների ջանքերը։