Վահե Հակոբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը
Ընդդիմադիր պատգամավորը պահանջում է պարտավորեցնել Քոչարյանին հրապարակայնորեն հերքել իր հասցեին արված զրպարտչական արտահայտությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի։ Տեղեկությունը հրապարակվել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում։

«Ներկայացված հայցով պահանջվում է պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել Հակոբյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և հատուցել զրպարտությամբ և վիրավորանքով պատճառված ոչ նյութական վնասը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մայիսի 10-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի եթերում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե Վահե Հակոբյանը վերջերս 15 մլրդ դրամ է վճարել պետբյուջե, որը ժամանակին չէր վճարել` զարտուղի ճանապարհներով խուսափելով հարկերից։ «Բայց խելոք տարավ, մուծեց»,- ասել է Քոչարյանը։
Նա նաև հայտարարել է. «Ընդդիմությունը հոգեկան, հոգեբանական այնպիսի վիճակում է, որ վաղը, մյուս օրը էն չմուծածն էլ պետք է բերեն, տան»։
Իշխող խմբակցության պատգամավորի դիտարկմամբ` քաղաքական պայքարի հիմքում իրականում ապօրինի գույքի հետ կապված խնդիրներն են, որոնց մեջ, ըստ նրա, ներքաշված է ընդդիմության ամբողջ ղեկավար կազմը։