ՌԴ-ն պատրաստ է ընդլայնել հարաբերությունները. ՀՀ նախագահն ընդունել է Օլեգ Մատիցինին

ՀՀ նախագահն ընդունել է Օլեգ Մատիցինին
ՌԴ սպորտի նախարարն ու Վահագն Խաչատուրյանը սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Կարևորելով Ռուսաստանի հետ սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ Խաչատուրյանը ներկայացրել է համատեղ սպորտային մարզումներ իրականացնելու, տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի հնարավորությունները։ Նա նշել է, որ Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինի այցը Հայաստան կարևոր է և լրացուցիչ խթան կհաղորդի համատեղ ծրագրերի ընդլայնմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը:
Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին
ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս սպորտի զարգացմանը և հետևողական ջանքեր է գործադրում հատկապես մարզական մասսայական ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Օլեգ Մատիցինը նշել է՝ շատ ուրախ են տեսնել, որ Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում սպորտի զարգացման գործում և շարունակում է մի շարք նշանակալի ձեռքբերումներ գրանցել տարբեր միջազգային մրցաշարերում: Ռուս նախարարը նշել է, որ պատրաստ են անել ամեն հնարավորը՝ ընդլայնելու ու խորացնելու եղբայրական երկրների միջև հարաբերությունները, որոնք հազարամյակների հիմքեր ունեն:
Հանդիպմանը քննարկվել է սպորտի տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: