Լևոն Արոնյանը Սերժ Սարգսյանին ասել է` որ դեպքում կվերադառնա Հայաստանի հավաքական

Լևոն Արոնյան
Ֆեդերացիայի վերընտրված նախագահը հայտնել է, թե ով է փոխարինելու Արշակ Պետրոսյանին Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Շախմատիստ Լևոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Այսօր Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում վերադառնալու է մեր կազմ»,– ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով` շախմատի հավաքականի մեկ այլ կորուստ էր Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի հեռանալը։
«Այս տեսանկյունից մենք հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնում ենք Արման Փաշիկյանին»,- ասել է Սարգսյանը։
Ֆեդերացիայի վերընտրված նախագահը նշել է, որ առաջիկայում դժվար է ակնկալել այնպիսի հաջողություններ, որոնք եղել են նախկինում, բայց վստահեցրել է, որ անելու են ամեն ինչ, որպեսզի շախմատը Հայաստանում շարունակի զարգանալ։
Հիշեցնենք` 2021թ.-ի փետրվարի 26-ին գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարեց, որ որոշել է լքել Հայաստանը և միանալ ԱՄՆ հավաքականին։
«Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,– ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արոնյանը։
Նա նաև նշել էր, որ Հայաստանի շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը: Նրա խոսքով` 2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: