Գյումրիում ավտոերթի ընթացքում քաղաքացիներին հարվածելու գործով ևս 1 անձ է կալանավորվել

Գևորգ Մուրադյանը Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Մայիսի 8-ին Երևան–Գյումրի ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց հարվածելու գործով կալանավորվել է երթի ևս մեկ մասնակից` ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կալանավորված երիտասարդը կամավոր է ներկայացել իրավապահներին։
Գևորգ Մուրադյանը Արցախյան ազատամարտի ՀՅԴ Պռոշյանի ջոկատի մարտիկ, 2013թ.–ին հայրենի գյուղում սպանված` Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին է։
ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 13-ին տարածած հաղորդագրության մեջ հայտնել էր, որ նշված գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ:
Հիշեցնենք` մայիսի 8-ին ընդդիմության կազմակերպած ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների ու ավտոերթի մասնակիցների միջև վիճաբանություն է սկսվել։
Ըստ քրեական գործի նյութերի` մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածել նրանց մարմնի տարբեր մասերին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել է տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:
Մայիսի 12-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից մեկը Արագածոտնի մարզի բնակիչ, 1991թ. ծնված Գոռ Սարգսյանն է, մյուսը` Երևան քաղաքի բնակիչ, 1999թ. ծնված Տարոն Մանուկյանը, իսկ երրորդը` Արարատի մարզի բնակիչ, 1990թ. ծնված Արսեն Մարտոյանը:
Անհնազանդության ակցիաների ժամանակ գրանցված դեպքերով մեղադրանք է առաջադրվել 14 անձի