Անհնազանդության ակցիաների ժամանակ գրանցված դեպքերով մեղադրանք է առաջադրվել 14 անձի

Ձերբակալված քաղաքացիներից մեկը, դատախազության տվյալներով, նախկինում մի քանի անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվել ավազակության, ապօրինի զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ 13 մայիսի – Sputnik. Երևանում ու մարզերում մայիսի 2-ից սկսված հավաքների, երթերի, անհնազանդության գործողությունների ընթացքում արձանագրված դեպքերով ընդհանուր առմամբ հարուցվել ու քննվում է 12 քրեական գործ, 1 դեպքով նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` հավելելով, որ հարուցված գործերով մեղադրանք է առաջադրվել 14 անձի, որոնցից 7-ը կալանավորվել են, մի քանիսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ որոշ մանրամասներ են ներկայացված նաև առանձին դեպքերի վերաբերյալ։ Այսպես` մայիսի 8-ին Երևան–Գյումրի ավտոերթի ընթացքում ավտոերթի մի խումբ մասնակիցների կողմից տարեց տղամարդկանց հարվածելու գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ:

Իսկ մայիսի 11-ի երթի ընթացքում Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքերը փակելու ակցիայի ժամանակ ձերբակալվել է մեկ քաղաքացի, որը, դատախազության տվյալներով, նախկինում մի քանի անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվել տարբեր հանցագործությունների, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։
Քրեական գործի նյութերով` նա, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, սպառնալիքներ տալով փորձել է գլխով հարվածել նրանց:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։