ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանում տեղական արտադրության պարենամթերքի գները կարող են աճել։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսում այս տեսակետը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
«Ամբողջ աշխարհում գնալով ավելի է սրվում պարենամթերքի ապահովման խնդիրը, և բոլորը մտահոգված են այդ հարցով։ Գնաճ է նկատվում ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում։ Ցավով պետք է նշեմ` մեր երկրում տեղական արտադրության պարենամթերքի գները նույնպես կբարձրանան, քանի որ կտրուկ աճել են պարարտանյութերի, դիզելային վառելանյութի, սերմացուների, թունաքիմիկատների, ինչպես նաև սպասարկման և ծառայությունների գները։ Այս ամենը չի կարող չանդրադառնալ արտադրանքի ինքնարժեքի վրա»,– նշեց Պետրոսյանը։
Նրա խոսքով` Հայաստանը մի շարք մթերքների առումով տարիներ շարունակ եղել է ինքնաբավ, ինչն այսօր էլ է շարունակվում։ Մասնագետը շեշտեց` խոսքը կարտոֆիլի, հայկական կլիմայում աճող պտուղների, խաղողի, բանջարաբոստանային մշակաբույսերի, ինչպես նաև որոշ անասնապահական մթերքների մասին է։
Պետրոսյանը նշեց, որ պարենային անվտանգության խնդրի լուծման համար Հայաստանը պետք է ապահովի ցորենի, բուսական յուղի, շաքարի և առաջին անհրաժեշտության այլ մթերքների պահուստային պաշարները:
Նա նաև ընդգծեց, որ իշխանությունները պետք է օգնեն գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին սուբսիդիաներ տրամադրել։