Շատ վտանգավոր ֆենոմեն է. Քրիստինե Գրիգորյանը կոչ է անում բացառել ատելության խոսքը

Քրիստինե Գրիգորյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ սոցիալական ցանցերում և հանրահավաքներում ագրեսիվ հռետորաբանությունը հանգեցնում է բռնության դրսևորումների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը կոչ է անում բացառել ատելության խոսքը և ագրեսիվ հռետորաբանությունը։

«Դուք էլ տեսնում եք, թե ինչ ատելության խոսք և ինչպիսի բևեռացում է հիմա տեղի ունենում սոցիալական հարթակներում, մամուլում։ Սա շատ վտանգավոր ֆենոմեն է, քանի որ ատելության խոսքը որքան ավելանում է, այնքան ավելանում են բռնության դեպքերը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` յուրաքանչյուրը պետք է կանխարգելի և դատապարտի սա։
Հարցին, թե ինչո՞ւ Գրիգորյանը չի ներկայանում հավաքի որևէ վայր, նա պատասխանեց` ըստ անհրաժեշտության կորոշի, թե որ իրավիճակում լինի հավաքի վայրում։ Պաշտպանը վստահեցրեց` որևէ ակցիայի թեժ կետում հայտնվելու կաշկանդվածություն չունի։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։