ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր մի քանի փաստաբան գործընկերների հետ որոշել է դիմել դատարան Սորոսի հիմնադրամի գործունեությունը ՀՀ տարածքում դադարեցնելու պահանջով։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Աթանեսյանը` նշելով, որ նման քայլի են դիմելու` հաշվի առնելով երկրում ստեղծված օրհասական վիճակը և օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության անհապաղ դադարեցման հրամայականը։
«Մեր՝ հայաստանյան օրինակը, հստակ ցույց է տալիս, որ իրականում այդ հիմնադրամը և դրա շահառուները՝ սորոսականները, շատ հեռու են քաղաքացիական հասարակություն կառուցելու իրական նպատակից: Այդ հիմնադրամի իրական նպատակը կոնկրետ պետության փաստացի ոչնչացումն է՝ իր հեռահար և հաշվարկելի քաղաքական նպատակներով»,- գրել է Աթանեսյանը։
Նրա խոսքով` սորոսականները 2018-ի «հեղափոխությանն» աջակցում էին, իսկ հիմա լուռ են ընդդիմադիրների իրավունքների խախտումների հարցով։
«Այս օրերին Սորոսի վարձկանները պատվիրված ելույթներ են ունենում Արցախը թշնամուն հանձնելու քարոզով: Հայաստանը այս վիճակից հանելու համար, որպես առաջին քայլ, պետք է օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել Սորոսի հիմնադրամի գործունեությունը արգելելու և այդ հիմնադրամը Հայաստանում լուծարելու համար»,- գրել է փաստաբանը։
Աթանեսյանը ներկայացրել է նաև Հայաստանում Սորոսի հիմնադրամի լուծարման օրենսդրական հիմքը՝ հղում անելով «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածին։ Համաձայն դրա` հիմնադրամը կարող է լուծարվել դատարանի կողմից, եթե դրա գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները: