ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք` ԱԺ-ն ապրիլի 1-ի արտահերթ նիստում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ՔՊ–ի առաջարկով լրացում էր կատարել։
Այդ փոփոխությամբ ՀՀ վարչապետին իրավունք է տրվել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել այն դեպքում, եթե նորընտիր ավագանին համայնքի ղեկավարի ընտրություն չի իրականացնում օրենքով նախատեսված 20 օրվա ընթացքում։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12 814 ընտրող (45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։