Կանցնենք պետական կառույցների կողքով. «Դիմադրություն» շարժման երթը մեկնարկեց

Քայլերթի վերջում ակցիայի մասնակիցները կրկին Ֆրանսիայի հրապարակ կվերադառնան և կհայտնեն վաղվա անելիքների մասին։
Sputnik
«Դիմադրություն» շարժման այսօրվա երթը մեկնարկեց։ Շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ կանցնեն պետական կառույցների կողքով։
«Մենք հիմա կշարժվենք ու կանցնենք պետական կառույցների կողքով, մեր խոսքը և ասելիքը կփոխանցենք։ Բացի այդ, անհնազանդության երթ կիրականացնենք»,–ասաց Սաղաթելյանը։
Նա հավելեց, որ քայլերթի վերջում կրկին Ֆրանսիայի հրապարակ կվերադառնան և կհայտնեն վաղվա անելիքների մասին։
Հավելենք, որ Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել են կալանավորված անձանց նկարները. այստեղ կան մարդիկ, որոնք ակցիաների ընթացքում են կալանավորվել, ինչպես նաև նախկինում կալանավորվածները։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։