G7-ի երկրները մտադիր են 30 մլրդ եվրո հատկացնել Կիևին. ԶԼՄ

Գագաթնաժողով
Մեծ յոթնյակի երկրները որոշ հարցերի շուրջ դեռևս փոխզիջման չեն եկել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Մեծ յոթնյակի երկրները մտադիր են Ուկրաինային մոտ 30 մլրդ եվրո աջակցություն տրամադրել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Spiegel–ին։
Լրատվամիջոցի աղբյուրները պնդում են, որ հարցը քննարկվելու է G7-ի ֆինանսների նախարարների՝ հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպմանը։
Նշվում է, որ գումարը հատկացվելու է փոխառությունների և դրամաշնորհների տեսքով, և Ուկրաինան ստիպված չի լինելու վերադարձնել ամբողջ գումարը:
Գումարը հաշվարկել են՝ հաշվի առնելով, որ մարտական գործողությունները կավարտվեն մեկ տարվա ընթացքում։
«Այդուհանդերձ, G7-ի ոչ բոլոր երկրներն են պատրաստ աջակցել այդ ծրագրին»,–ընդգծում է Spiegel-ը: Առնվազն մեկ երկիր, որի անունը չի նշվում, դեռ համաձայնություն չի տվել։ Կարծիքները չեն համընկնում նաև օգնությունը անհատույց տրամադրելու շուրջ։
Ըստ ԶԼՄ–ի՝ Բրիտանիան և ԱՄՆ-ն առաջարկում են Ուկրաինային օգնություն տրամադրելու համար օգտագործել այն միջոցները, որոնք առգրավվել են ռուսաստանցի գործարարներից: Այդ պատճառով պարզ չէ` որոշումը հաջորդ շաբաթ կընդունվի, թե ոչ: Հնարավոր է` պետությունների և կառավարությունների ղեկավարները, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, համաձայնության գան G7-ի գագաթնաժողովում, որն անցկացվելու է հունիսին Էլմաու դղյակում:
G7-ի կազմում են Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և ԱՄՆ-ն:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 79-րդ օրը։