Երևանի քաղաքապետարանը տուգանել է բարձրահարկ շենքի պատուհանից աղբ նետող քաղաքացուն

Երևանի նոր աղբարկղները. Արխիվային լուսանկար
Քաղաքապետարանը գտել է Sputnik Արմենիայի լրագրող Նանա Մարտիրոսյանի նկարահանած տեսանյութի «հերոսներին»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը տուգանել է բարձրահարկ շենքի պատուհանից աղբ նետող քաղաքացուն։
Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է Sputnik Արմենիայի լրագրող Նանա Մարտիրոսյանի` օրերս նկարած տեսանյութին, որում բարձրահարկ շենքի բնակարաններից մեկի պատուհանից վաղ առավոտյան պարկով աղբ էին նետում։
Նշենք, որ Նանա Մարտիրոսյանը հայտնել էր, որ բարձրահարկ շենքը գտնվում է Երևանի Ամիրյան փողոցում։
«Հայտնում եմ, որ պարզվել է ոչ միայն գործողության աշխարհագրական տարածքն ու հասցեն, այլև գործողություն կատարողն ու պատասխանատուն։ Համապատասխան ակտն արդեն կազմված է, իսկ տուգանքի չափն առաջիկայում կորոշվի՝ կախված աղբի ծավալից»։
Սարդարյանը հավելել է, որ «տուգանքատերերը» կազմված ակտի տակ հոժարակամ ստորագրել են։
Հիշեցնենք, որ տեսանյութը մեծ աղմուկ էր առաջացրել համացանցում։