ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Ագրարային համալսարանի դասախոս, միայնակ մայր Էմմա Սարգսյանի ձերբակալությունը Մարդու իրավունքների և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտում է, ինչպես նաև աննախադեպ իրադարձություն է հայկական իրականության համար։ Դրանում համոզված են իրավապաշտպանները։ Այս գործի վերաբերյալ հարցեր ունի նաև Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, որը պարզաբանումների համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը:
Էմմա Սարգսյանը ձերբակալվել էր մայիսի 12 լույս 13-ի գիշերը՝ ուսանողներին ընդդիմադիրների բողոքի ակցիաներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Ձերբակալվածը 13-ամյա անչափահաս դուստր ունի, իսկ քանի որ նրա մերձավոր ազգականները երկրում չեն, ապա երեխային թողել են հեռու բարեկամների մոտ։
Ինչպես հայտնել է ձերբակալվածի փաստաբան Ռուբեն Մելիքյանը, այսօր, ժամը 21:00-ին տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում կորոշվի իր պաշտպանյալի ձերբակալման իրավաչափությունը:
Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ։ ՄԻՊ-ի գրասենյակի պատասխանում ասվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն դիմել է Գլխավոր դատախազություն։
Մասնավորապես, Գրիգորյանը պահանջել է ստուգել ձերբակալության իրավաչափությունը, ինչպես նաև հայտնել արդյունքների մասին։ Բացի այդ, պահանջ է ներկայացվել հայտնել, թե վարույթն իրականացնող մարմինը ինչ հիմքով է որոշում կայացրել ձերբակալման մասին՝ հաշվի առնելով այն փաստը, որ կասկածյալն ինքն է ներկայացել ։
«ՄԻՊ-ը տեղեկություն է պահանջել այն մասին, թե քրեական վարույթն իրականացնող մարմինը Է. Սարգսյանի ձերբակալման հարցը լուծելիս արդյո՞ք քննարկման առարկա դարձրել է նրա խնամքին 13-ամյա երեխայի առկայության փաստը»,- Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Օմբուդսմենը նաև պարզաբանումներ է պահանջել անչափահաս երեխայի խնամքի, հսկողության և գոյատևման հարցերը լուծելու համար ձեռնարկված միջոցների մասին։
Իր հերթին Հայաստանի առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը տեղի ունեցածը աղաղակող փաստ որակեց:
Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա ընդգծեց, որ «տեղի է ունեցել Մարդու իրավունքների և Երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտում»: Ալավերդյանը գտնում է, որ համապատասխան որոշում կայացրած մարմինը կամ անձը պետք է պատասխան տան։
«Հայաստանում տարիներ շարունակ, հատկապես վերջին չորս տարիների ընթացքում, ձերբակալություններ են իրականացվում։ Միջազգային պրակտիկայում ամեն ինչ արվում է, որպեսզի նման դեպքերը նվազագույնի հասցվեն»,- ասաց Ալավերդյանը։
Նախկին ՄԻՊ-ն Էմմա Սարգսյանի ձերբակալությունն առնվազն տարօրինակ է համարում, հատկապես այն համատեքստում, որ հղի կնոջ մահվան գործով անցնող ոստիկանության մայորը ազատ է արձակվել՝ երկրից չհեռանալու ստորագրությամբ: Ալավերդյանը դա ցինիզմի գագաթնակետն է համարում։ Նա գտնում է, որ նման որոշում կայացրած մարմինը կամ անձը պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ հակառակ դեպքում դա ստվեր է գցում երկրի ամբողջ իրավապաշտպան համակարգի վրա:
«Տվյալ դեպքում խախտվում են ոչ միայն մարդու իրավունքները, այլև Երեխայի իրավունքների կոնվենցիան։ Մորն ու երեխային բաժանում են, և սա աննախադեպ դեպք է երկրի համար։ Ձերբակալությունը տեղին է այն դեպքում, եթե անձը իրական վտանգ է ներկայացնում հասարակության համար»,- ասում է Ալավերդյանը։
Նա կարծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պետք է պատշաճ կերպով արձագանքի մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող այս դեպքին։
Նշենք, որ քրեական գործի համար առիթ է հանդիսացել մայիսի 9-ին լրատվամիջոցներից մեկի հրապարակած ձայնագրությունը։ Դրանում նշվում է, թե Ագրարային համալսարանի դասախոսն ուսխորհրդի նախագահին կոչ է անում ուսանողներին ներգրավել բողոքի ակցիաներում՝ յուրաքանչյուր ուսանողի համար հազար դրամ առաջարկելով։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ նշված անձը 2 մլն դրամ է առաջարկել ուսխորհրդի նախագահին՝ ընդդիմադիրների բողոքի ակցիաներին 2 հազար ուսանողների մասնակցության դիմաց։
Նախօրեին հայտնի դարձավ, որ քրեական գործի շրջանակում ձերբակալվել է նաև հասարակական գործիչ, «5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը: