ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Արցախի պատկան մարմինները բնակարանային կարիք ունեցող շուրջ 40 000 տեղահանվածների համար նոր ծրագիր կմշակեն: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Հանձնարարել եմ պատկան մարմիններին այս տարվա հուլիսի 1-ից փոխել փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը: Մասնավորապես, նոր ծրագիր կմշակվի շահառու հանդիսացող յուրաքանչյուր տեղահանված անձի ամսական 40 000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ, մինչև նրանց բնակարանային կարիքի բավարարումը, որը կարող է օգտագործվել թե՛ բնակվարձի, թե՛ սոցիալական այլ նպատակներով»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը։
Նա նշել է, որ տեղահանվածները բնակվարձերի փոխհատուցման նպատակով իրականացվող պետական քաղաքականության հետ կապված մի շարք մտահոգություններ են հայտնել, այդ պատճառով էլ իշխանությունը որոշել է արմատապես վերանայել իր քաղաքականությունը:
Արցախի նախագահը համոզմունքն է հայտնել, որ մինչև 2024 թվականի վերջ կավարտեն բնակշինարարությունը։