Բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները զեղչեր կստանան. Փաշինյան

Քարտով առևտուր անելու դեպքւմ առևտրի որոշակի տոկոսով գումար հետ է փոխանցվելու թոշակառուի քարտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները զեղչեր կստանան։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ որոշումը կընդունվի ոչ թե այսօր, այլ, ամենայն հավանականությամբ, կառավարության առաջիկա նիստերից մեկում։
«Եթե թոշակառուն խանութներից, դեղատներից առևտուր է անում քարտով, կիրառվում է զեղչ կամ հետվճարային համակարգ է կիրառվում։ Այսինքն` առևտրի որոշակի տոկոսով գումար հետ է փոխանցվելու թոշակառուի քարտին, որով ինքը էլի կկարողանա առևտուր անել»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև հայտնեց, որ կառավարությունն այդ հարցով բանակցել է մասնավոր տարբեր ընկերությունների հետ, բայց քանի որ ոչ բոլոր գործարարներն են տեղյակ կառավարության նախաձեռնությունից, որոշել է առիթն օգտագործել նաև նրանց իրազեկելու համար։
ԱԺ մեծամասնությունը միաձայն մերժեց ընդդիմության` թոշակներն ամեն տարի վերանայելու առաջարկը
Փաշինյանը հույս հայտնեց, որ նրանք ևս նախաձեռնություն կցուցաբերեն` միանալու ծրագրին։

«Զեղչերը որքան որ կսահմանվեն, օրինակ` մինչև 10 տոկոս, մենք հույս ունենք, որ կհամաֆինանսավորվեն կառավարության, բանկային համակարգի և մասնավորի կողմից»,– ասաց վարչապետը։

Նրա խոսքով` սա կնպաստի ոչ միայն անկանխիկ գործառնությունների խթանմանը, այլև կառավարության սոցիալական ծրագրերն առավել թիրախային դարձնելուն։
Կառավարությունը մտադիր է նոր համակարգը գործարկել այս տարվա հուլիսի 1-ից։