«Արմենիա միջազգային օդանավակայանների» աշխատողները 6.5 մլն դրամի վնաս են հասցրել պետությանը

FlyOne Armenia ընկերության Երևան-Ստամբուլ թռիչքի ուղևորները գրանցվում են թռիչքից առաջ (2 փետրվարի, 2022թ). Երևան։. Արխիվային լուսանկար
Պետությանը պատճառված վնասի ամբողջ չափը՝ 6.519.000 ՀՀ դրամ, փոխանցվել է պետբյուջե:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում հայտնաբերել է մի շարք խախտումներ, հայտնում են ՀՀ ՊՎԾ մամուլի ծառայությունից։

Պետական վերահսկողական ծառայությունը տեղեկություն է ստացել առ այն, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի VIP սրահի ուղևորների բարձրակարգ սպասարկման դիմաց քաղաքացիներից 55.000-75.000 ՀՀ դրամի չափով գանձվող գումարներից 5.000 ՀՀ դրամ գումարը մուտքագրել են դրամարկղ՝ առանց վերջիններիս գիտության` նրանց ձևակերպելով որպես դիվանագիտական անձնագրեր ունեցող ուղևորների ազգականներ կամ պաշտոնական պատվիրակության անդամներ։ Անօրինական ճանապարհով ստացված խոշոր չափերի մնացած գումարներն էլ բաշխվել են ընկերության աշխատակիցների միջև:

Վերոգրյալ վճարներն ընկերության դրամարկղ չմուտքագրելու պատճառով ամբողջությամբ չեն կատարվել հարկային պարտավորությունները, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ իրենց լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով:
Արդյունքում հարկային մարմին է ներկայացվել շահութահարկի ճշտված հաշվարկ՝ լրացուցիչ հաշվարկվել և պետական բյուջե է վճարվել պետությանը պատճառված վնասի ամբողջ չափը՝ 6.519.000 ՀՀ դրամ շահութահարկի գումար:
Հիշեցնենք, որ պետական վերահսկողության ծառայությունը մայիսի 12-ին էլ հաղորդագրություն էր տարածել, որ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ պետական պատվերի շրջանակներում ստացվել են ֆինանսավորումներ արդեն իսկ վճարված ծառայությունների դիմաց: