ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Թուրքիան Հունաստանի հետ սահմանին սկսել է «Ծովային առյուծ-2022» զորավարժությունների ակտիվ փուլը, հաղորդում Է TRT Haber-ը:
«Էգեյան ծովի միջազգային ջրերում և Թուրքիայի օդային տարածքում թուրքական որոնողափրկարարական գոտու սահմաններում սկսվել է «Ծովային առյուծ-2022» զորավարժության գործնական մասը, որը կազմակերպել է առափնյա պահպանության հրամանատարությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է բարելավել որոնողափրկարարական աշխատանքներին պատրաստության աստիճանը՝ համատեղ գործողություններ իրականացնելու, խնդիրները բացահայտելու և լուծելու ունակության բարձրացման հաշվին։
Վարժանքներին մասնակցում է 1 որոնողափրկարարական ուղղաթիռ ցամաքային զորքերի հրամանատարությունից, 1 ֆրեգատ ռազմածովային ուժերի հրամանատարությունից, 1 որոնողափրկարարական ինքնաթիռ ռազմաօդային ուժերի հրամանատարությունից, 1 որոնողափրկարարական ուղղաթիռ, 2 տրանսպորտային ինքնաթիռ, 1 մարտական ինքնաթիռ, 1 որոնողափրկարարական ուղղաթիռ էլ ժանդարմերիայի և առափնյա պահպանության գլխավոր հրամանատարությունից։
«Ծովային առյուծ-2022» զորավարժություններում ներգրավված է նաև Կիպրոսի՝ Թուրքիայի կողմից գրավված հյուսիսային մասի տեխնիկան։
Հիշեցնենք, որ Աթենքն ու Անկարան վերջերս փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցրել պետությունների օդային տարածքը խախտելու համար։ Հունաստանի իշխանությունները հայտարարել էին Թուրքիայի անընդունելի պահվածքի մասին՝ նշելով, որ խնդիրը կբարձրացնեն բոլոր միջազգային հարթակներում։