ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ դրույթները։
«Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ», - նշվում է հաղորդագրությունում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Նշենք, որ Տաջիկստանի մայրաքաղաքում մինչ եռակողմ հանդիպումը, ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն առանձին–առանձին հանդիպել էր ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳՆ Ջեհյում Բայրամովի հետ։
Հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Դուշանբե` մասնակցելու մայիսի 12-13-ին նախանշված ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: