Կուրսկի մարզի բնակչին, որը կապ է ունեցել Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ, ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունը։
Անվտանգության ծառայության աշխատակիցները ՆԳՆ գործընկերների հետ միասին ձերբակալել են մի տղամարդու, որը ծրագրել էր պայթյուններ իրականացնել Կուրսկ քաղաքի ենթակառուցվածքների տարածքում, որտեղ մարդկանց զանգվածային կուտակումներ կան: Նշվում է, որ չարագործի գործողությունները համաձայնեցված են եղել Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ, իսկ հարձակման նպատակը եղել է իշխանության մարմինների գործունեությունն ապակայունացնելը և դրանով «հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու մասին որոշման ընդունման վրա» ազդեցություն ունենալը:
Տան խուզարկության ժամանակ տղամարդուց առգրավվել է երկու ինքնաշեն պայթուցիկ, փամփուշտներով տրավմատիկ զենք և նացիստական գրականություն:
Ձերբակալվածն արդեն խոստովանական ցուցմունք է տվել՝ հայտնելով հանցանքը կատարելուց հետո Ուկրաինա մեկնելու իր մտադրության մասին:
Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչական գործողության նախապատրաստման վերաբերյալ։
Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր նաև Կալինինգրադում ուկրաինական ծայրահեղական «Աջ սեկտոր» կազմակերպության (Ռուսաստանում արգելված է) կողմնակցին ձերբակալելու մասին, որն ահաբեկչություն էր նախապատրաստում Հաղթանակի օրվա համար: