Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը

Հ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հանդիպումը
Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի -Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորման հետ կապված հարցեր են քննարկել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
Հայտնել էինք, որ այսօր ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքների և երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։
«Կողմերն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների իրականացման ընթացքին: Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում դաշնակցային հարաբերությունների ու ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Դուշանբե` մասնակցելու մայիսի 12-13-ին նախանշված ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև վստահության բարձրացմամբ. Լավրով