Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են նվազեցնել մուտքի տուրքերն ավտոմեքենաների համար

Իրանում ՀՀ առևտրային կցորդը մեկնաբանել է Հայաստանից ավտոմեքենաների համար նոր մաքսատուրքերի սահմանման մասին հաղորդագրությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Հայաստանն ու Իրանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ավտոմեքենաների մուտքի մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ: Այս մասին Երևանում կայացած հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում լրագրողներին հայտնել է ԻԻՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ հայկական պետական համարանիշներով մեքենաներն այս տարվա մայիսի 21-ից սկսած` Իրան մուտք գործելու համար կվճարեն 120 դոլար:
«Տուրքերը հիմա էլ են գանձվում։ Իմ տեղեկություններով ՝ հայկական մեքենաները վճարում են մոտ 240 դոլար, իրանական ավտոմեքենաները նույնպես վճարում են Հայաստանի սահմանը հատելիս։ Այժմ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում իրանական կողմի հետ: Ամենայն հավանականությամբ` երկու կողմերի մուտքի վճարների չափերը զգալիորեն կնվազեն, նախնական պայմանավորվածություն արդեն կա»,-նշել է Կոստանյանը։
Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան գազի մատակարարումների ավելացման հնարավորությանը, ապա Կոստանյանը նշել է, որ ավելի վաղ մի շարք խնդիրների պատճառով մատակարարումները կրճատվել էին, այժմ դրանց ծավալը վերականգնվել է:
«Նաև լավ հնարավորություն է ստեղծվել ապագայում դրանք մեծացնելու համար»,-ասել է առևտրային կցորդը:
Հիշեցնենք, որ Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը քննարկում է Հայաստան գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը: